2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

«ՓՈՔՐԻԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԴԻՐՔԻՑ ԿԱԽՎԱԾ Է ԵՐԿՐԱԳՆԴԻ ԱՊԱԳԱՆ»

«ՓՈՔՐԻԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԴԻՐՔԻՑ ԿԱԽՎԱԾ Է ԵՐԿՐԱԳՆԴԻ ԱՊԱԳԱՆ»
30.09.2011 | 00:00

…և ոչ միայն մշակույթի մասին
«Իրատես de facto»-ի հյուրը երգահան ՍԱՍՈՒՆ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆՆ է
«ԻՆՉՔԱՆ ԹՈՒՅԼ ԼԻՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՅՆՔԱՆ ԴՐՍԻՆ ՁԵՌՆՏՈՒ Է»
-Պարոն Պասկևիչյան, ըստ Ձեզ և շատ ուրիշների` Հայաստանից արտագաղթը պայմանավորված է ոչ այնքան հայի` իր հայրենիքում բարեկեցիկ ապրելու խնդիրը լուծել չկարողանալով, որքան արտաքին ուժերի հետևողական քաղաքականությամբ: Ինչո՞վ է ձեռնտու դրսի աշխարհին, հզոր տերություններին Հայաստանը դատարկելը:
-Աշխարհը հիմնականում երկու բևեռի է բաժանված` Ռուսաստան և Ամերիկա: Ազդեցության գոտիների հարց կա նրանց համար, և Անդրկովկասը կարևորագույն գոտի է այս առումով: Արևմուտքն Ադրբեջանն ու Վրաստանը «իրենով է արել»: Մնում է Հայաստանը: Իսկ Հայաստանի աշխարհագրական դիրքից կախված է Ամերիկայի ապագան, կամ համաշխարհային պատերազմի հավանականությունը:
-Փոքրիկ Հայաստանն այդքան բախտորո՞շ է աշխարհի ճակատագրում:
-Այո՛: Պարզաբանե՛մ: 1996-ի աշնանը Մոսկվայից հեռարձակվող մի հաղորդում էի դիտում: Մասնակցում էին բարձրաստիճան զինվորականներ. քննարկում էին Չեչնիայի հարցը: Զինվորականներից մեկն ասաց, որ իրենք չեն կարող Չեչնիային անկախություն տալ, որովհետև այդ դեպքում Ռուսաստանի սահմանները կմնան ընդամենը մինչև Վոլգա գետը: Հասկանալի է, թե ինչ նկատի ուներ այդ հեռատես մարդը: Մինչև Ռուսաստանի ծայր արևելք Չեչնիայի կարգավիճակով շատ ինքնավար հանրապետություններ, երկրամասեր, մարզեր (և այլն) կան, որոնք կհետևեին Չեչնիայի օրինակին, և որոնք նույնպես հաջորդաբար կկորցներ Ռուսաստանը: Եթե Ռուսաստանն այնքան թուլանա, որ նրա արևելյան սահմանը լինի Վոլգա գետը, այդ դեպքում հնարավո՞ր է, որ Հայաստանը դադարի Ռուսաստանի ֆորպոստը լինելուց: Այո՞, թե՞ ոչ: Իմ կարծիքով` այո՛: Ապացո՞ւյց: Խնդրեմ. Գորբաչովի «քյալլագյոզություններից» (ես կբնորոշեի` դավաճանությունից) հետո անկախացան Արևմտյան Եվրոպայի, այսպես կոչված, դեմոկրատական բոլոր հանրապետությունները, որոնք, փաստորեն, Սովետի ազդեցության տակ էին)։ Սովետը փլուզվեց, և իսկապես (ոչ թե մեզ նման) անկախացան մերձբալթյան հանրապետությունները` Էստոնիան, Լատվիան, Լիտվան: Ինչ վերաբերում է Անդրկովկասին` մեր աչքի առջև են Ռուսաստանի հետ թշնամացած Վրաստանը, որն իր հույսերը կապել է Ամերիկայի հետ, ապա «խաղեր տվող», Թուրքիայի եղբայր, մեր արմատական թշնամի Ադրբեջանը և, վերջապես, չորս կողմից շրջապատված Հայաստանը, որն արդեն թուլացած Ռուսաստանի համար հազիվ թե կարողանա որպես ֆորպոստ ծառայել: Ակնհայտորեն, Ռուսաստանը կկորցնի Հայաստանը, և վերջինս կմնա միայնակ` իր վտանգավոր և թշնամի պետությունների հետ դեմ-հանդիման: Ես տարիներ առաջ մամուլում կարդացել եմ, որ արցախյան պատերազմի ժամանակ Թուրքիան ծրագրել էր մի քանի ռումբ գցել Հայաստանի վրա, բայց Ամերիկան թույլ չէր տվել: Պարզ է` ոչ հանուն մեր սիրուն աչքերի, այլ որովհետև գործ էր ունենալու Ռուսաստանի, նաև Չինաստանի հետ: Իսկ թուլացած Ռուսաստանի պարագայում, երբ վերջինս կորցնի նաև Հայաստանը, Թուրքիային որքա՞ն ժամանակ է պետք Հայաստանը վերցնելու համար: Կարծում եմ` քիչ: Իսկ Հայաստանը վերցնելուց հետո Թուրքիան ո՞ւր պիտի շարժվի: Պիտի շարժվի ըստ Մեծ Թուրանի ծրագրի և հասնի մինչև Չինաստան: Չինաստանի տարածքում, 1930-ականների տվյալներով, 7 միլիոն ույղուր էր ապրում, որոնք այսօր էլ անհամբեր սպասում են, թե երբ պետք է եղբայրական Թուրքիան գա-հասնի իրենց: Մեկ այլ հանգամանք. շուրջ քսանհինգ-երեսուն միլիոն ադրբեջանցի է ապրում Իրանի տարածքում` Ատրպատականում: Բնականաբար, սրանք էլ են ձգտելու միանալ Թուրքիային: Անդրադառնանք նորից Չինաստանին, որը շուրջ 600 տարի է` հայտարարում է, որ իր սահմանները ձգվում են հյուսիս` մինչև Սառուցյալ օվկիանոս: ՈՒ եթե Ռուսաստանի սահմանները մինչև Վոլգա գետն են, Թուրքիան էլ իրականացրել է Մեծ Թուրանի իր երազանք-պլանը, այսինքն` Հայաստանի վրայով, իր եղբայր Ադրբեջանին միացած, միջինասիական թուրքալեզու հանրապետությունները նվաճած` հասել է Չինաստանում ապրող եղբայրական ույղուրներին, մնում են Միջին Ասիայից վեր` մինչև Սառուցյալ օվկիանոս ընկած, Ռուսաստանի ազդեցությունից ազատված տարածքները, որոնք անարգել կզբաղեցնի Չինաստանը, որը, սակայն, դրանով չի բավարարվելու. «հերթը հասնելու է» Ճապոնիային, որի հետ Չինաստանը հին հաշիվներ ունի: Իսկ Ամերիկան դա կհանդուրժի՞: «Հերթը հասնելու է» նաև Ամերիկային: Եվ ահա անխուսափելի է դառնում համաշխարհային պատերազմը:
«ԵԹԵ ԵՐԳԻ ՄԵՋ ՏԵՔՍՏԸ ԴԵԲԻԼՈՒԹՅՈՒՆ Է, ԴԱ ԱՐԴԵՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԱՎ ԵՐԳ ԿՈՉՎԵԼ»
-Աշխարհաքաղաքական ոլորտից տեղափոխվենք մշակույթի անդաստաններ: Այս լայնամասշտաբ անցուդարձերի տիրույթում ի՞նչ տեղ է վերապահված ազգային երգի նորօրյա հիմնախնդիրներին:
-Մշակույթը, որպես ազգի գոյատևման կռվան, անգնահատելի կարևորություն ունի: Ի՞նչ են մուսան, տաղանդը, հանճարը, իմաստությունը… Ի՞նչ տարբերություն կա հոգու և ոգու միջև: Սրանք լայն և հաճախ իրարից տարբեր հասկացություններ են, որոնք որոշակի կապ ունեն երգահանության հետ: Երգը նախ և առաջ լեզվամտածողություն է, երգահանի ինքնարտահայտումն է: Չի կարելի երգերը բաժանել երկու խմբի` ուրախ և տխուր: Կան տարբեր երգեր` աշխատանքային, մարտական, ռազմի, պանդխտության, խոհական, երգեր սիրո մասին (սերը` լայն իմաստով` բնության, հայրենիքի, հոր, մոր, եղբոր, քրոջ, զավակի, ընկերոջ հանդեպ): Մի բան է երգ հորինելը, մի այլ բան` կատարելը, մեկնաբանելը, դեռ չեմ խոսում «խոտան, զիբիլ» երգ կոչվածների ու նրանց կատարումների մասին: Իմ համոզմամբ (և ոչ միայն իմ)` երգի մեջ կարևորագույն դերը պատկանում է խոսքին: Եթե խոսքը իմաստ ունի և համահունչ է մեղեդուն, երգը լավը կլինի: Երգի մեջ երաժշտությամբ բացահայտում են խոսքը, բանաստեղծությունը: Ազգային երգը շատ ավելին է, քան սոսկ երգը. այն ռազմավարական նշանակություն ունի: Ես երազում եմ հեռուստահաղորդում պատրաստել, ուր տարբեր բնագավառների մասնագետները (երաժշտագետներ, երգահաններ, բանաստեղծներ, հոգեբաններ, սոցիոլոգներ, պատմաբաններ, մանկավարժներ, հոգևորականներ, ռազմական մասնագետներ…) կքննարկեն, կպարզաբանեն երաժշտական ճաշակից մինչև ազգային անվտանգություն ձգվող կապը, ինչպես նաև մարդու հոգեկերտվածքի, մտածողության, ներաշխարհի վրա երգի ազդեցությունը: Ի՞նչ է նշանակում բարձրաճաշակ երաժշտություն, լավ երգ: Պետք է հիմնավորենք այս հասկացությունները: Եթե երգի մեջ տեքստը, կներեք, դեբիլություն է, դա արդեն չի կարող լավ երգ համարվել: Երգը յուրատեսակ ասմունք է: Եթե բանաստեղծության մեջ կան կետադրական նշաններ` ստորակետ, միջակետ, վերջակետ, բացականչական նշան, ինչպես նաև առոգանություն, հատկապես` շեշտադրություն, ապա այդ ամենը պետք է արտահայտվի երգի երաժշտության մեջ: ՈՒշադրություն դարձրեք մեր որոշ ասմունքողների և շատ հաղորդավարների սխալ շեշտադրություններին. նույնը երգերի ու երգիչների պարագայում է: Մյուս կողմից, եթե երգի տեքստի մեջ կա ասելիք, ապա երաժշտությունը պետք է այն բացահայտի, և այդ դեպքում են ասում, որ երգի մեջ տեքստն ու երաժշտությունը համահունչ են: Բանաստեղծության մեջ արդեն կա երաժշտություն, և երգահանի գործն այդ երաժշտությունը վեր հանելն է: Անձամբ ես գերադասում եմ, որ երգի տեքստը լինի բանաստեղծություն, և ոչ նույնիսկ` ոտանավոր, չնայած որոշ դեպքերում «ուտվում» է, մանավանդ` ալկոհոլի, քաբաբ-խորովածի առկայությամբ (երգերն այդ կոչվում են քաբաբախորովածային)։ Անշուշտ, կարող են լինել պարզ, նույնիսկ պրիմիտիվ երգեր` նայած երբ և ինչ առիթներով են կատարվում, ով է կատարում, որտեղ է կատարում։
«ՃԻՇՏ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԿԱՐԵԼԻ Է ՄԻԼԻՈՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼ»
-Որո՞նք են այն հարցերը, որ պետք է դրվեն համահայկական քննարկման:
-Ես մտավախություն ունեմ, որ մեր ազգն առաջիկա 10-20 տարվա ընթացքում որակապես կփոխվի` խիստ բացասական առումով: Ասում են` կան վիճակագրական տվյալներ, համաձայն որոնց` ամուսնության տարիքի հինգ-վեց հայ աղջկան (ոմանք ասում են` ավելի շատ) մեկ տղա է «բաժին ընկնում»: Սխալ չհասկանանք. ծնվում են գրեթե հավասար քանակով, նույնիսկ ավելի շատ տղաներ, իսկ հետո նրանք ո՞ւր են «անհետանում», ինչո՞ւ և ինչպե՞ս… Ի՞նչ պիտի անեն մյուս աղջիկները:
-Լավագույն դեպքում կամուսնանան օտարազգիների հետ:
-Ե՞վ…
-…Եվ կունենան օտարազգի երեխաներ:
-ՈՒրեմն, տեսեք, թե ինչ ահավոր վտանգի, փաստի առաջ ենք կանգնած: Ես հոռետես չեմ, այլ իրատես: Ընդսմին հարցի, պրոբլեմի լուծման, կարգավորման իմ տեսակետներն ու իրագործելի առաջարկներն ունեմ… Եվ այսպիսի շա՜տ-շատ թեմաներ կան, որոնց պետք է անդրադառնալ: Անդրադառնալով երգարվեստի բնագավառին, կարևորագույն հարցերից մեկը մեր անտարբերությունն է: Համատարա՛ծ անտարբերությունը: Բարձիթողիությունը: Անպաշտպանվածությունը: Երգագողությունը: Պիրատների անվերահսկելի սանձարձակությունը: Անպատժելիությունը: Եվ այլն: Յուրաքանչյուրը շատ ընդարձակ թեմա է ու վերաբերում է բոլոր բնագավառներին: Անշուշտ, ամեն մարդ իր գործով պիտի զբաղվի, և ինձ շատ լրջորեն ու հիմնավորապես մտահոգում է մեր ազգային մշակույթի, հատկապես ազգային երգի այս բարձիթողի վիճակը: Իսկ այն շտկել պե՛տք է և կարելի է: Միջոցներ կամ փող չկա՞ն: Շատ կան: Հանրահայտ խոսք է. «Տվե՛ք ինձ հենման կետ, և ես շուռ կտամ աշխարհը»: Համապատասխան մարմինների կողմից թող ինձ առաջարկվի, տրվի հնարավորություն, առաջադրանք, և կարելի է թեկուզ միայն մեր ազգային մշակույթի, մասնավորապես` երգարվեստի, միջոցով, գործը ճիշտ կազմակերպելու դեպքում, միլիոնավոր դոլարներ գոյացնել մեր ազգային մշակույթի պահպանման ու զարգացման համար: Մեր մշակութային գործիչները չպետք է վատ ապրեն, չէ՞ որ նրանք մշակույթ են ստեղծում: Իսկ մշակույթը ազգ է պահում, ազգն էլ, հատկապես` ազգային պետությունը, պետք է հոգ տանի, պահի-պահպանի ազգային մշակույթ ստեղծողներին: Թե չէ, ինչպես տատիկս էր ասում, «մեդալները տուն չեն պահում»: Չընդարձակվեմ, այս հարցազրույցն այդ առիթը չէ: Սրտացավություն, հոգատարություն, կամք և ճիշտ կազմակերպում է պետք: Շատ անգամ եմ իրագործելի առաջարկներով (թե՛ սփյուռքում, թե՛ հայրենիքում) դիմել տարբեր կազմակերպությունների, գործիչների, պետական այրերի, սակայն` «ձայն բարբառո հանապատի»: Հիմա էլ ունեմ առաջարկություններ, նույնիսկ` Հայաստանի տնտեսական վիճակը բարելավելուն ուղղված (ես մասնագիտությամբ, նախ և առաջ, շինարար ինժեներ եմ, 1962-ին ավարտել եմ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը): Կարելի է 3-5 տարում Հայաստանի տնտեսության համար մեծ վերելք ապահովել, եթե ճիշտ օգտագործվեն լծակները: Չափազանց կարևոր է հայ սփյուռքի գործոնը: Այստեղ միանգամայն այլ հանգամանքներ կան: Չմոռանանք, ես 24 տարի ապրել եմ սփյուռքում և լավատեղյակ եմ սփյուռքաբնակ հայության հոգեբանությանը, որը բավականին տարբերվում է հայաստանաբնակ հայի հոգեբանությունից: Խոսքերով, հորդորներով, ժողովներով ու բաժակաճառերով լուրջ հաջողությունների հնարավոր չէ հասնել: Անդրադառնալով մշակութային հարցերին` նորից կրկնեմ` ճիշտ մշակութային քաղաքականությամբ կարելի է միլիոններ ստեղծել: Մեր տաղանդավոր արվեստագետներն այնպիսի անարժան մարդկանց են դիմում հովանավորչության խնդրանքով, որ չի կարելի դա հանդուրժել: Դարձել ենք ողորմելի մուրացկաններ: Բայց չէ՞ որ նախ և առաջ գոյություն ունի մարդկային, այս պարագայում` հայ արվեստագետի արժանապատվություն, այն արվեստագետի, որն ազգային մշակույթ է ստեղծում: Իսկ ազգային մշակույթը ազգ է պահում: Փառք Աստծո, մեր ազգի արմատներն առողջ են: Հազարամյակների պատմություն ունենք, և մեկ անգամ չէ, որ հաղթահարել ենք անելանելի թվացող իրադրությունները: Հայ ազգը, մեր ժողովուրդը, օվկիանոսի նման, ամեն տեսակի աղտեղություններից կմաքրի ինքն իրեն:
Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1763

Մեկնաբանություններ